ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՉԱՓՍԱՓՈՐՁՈՒՄ

ՉԱՓՍԱՓՈՐՁՈՒՄ
29.10.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Պարոնը խնդրում է, որ Դուք Ձեր աջ ձեռքը բարձրացնեք,- մեղք գործած մարդու զգուշավորությամբ ասաց թարգմանչուհին՝ հուզմունքից երերուն ձայնով:
-Բարձրացնեմ, միայն սրան հարցրու, թե այս մարզանքը դեռ որքան է տևելու:
-Ասաց, որ Դուք յուրահատուկ կառուցվածք ունեք, եթե մանրամասներին չանդրադառնա, կոստյումը Ձեր մարմնին անթերի չի նստի: Կներեք, խնդրում է, որ Դուք կռանաք,- հուզմունքից ակնոցը քթարմատին ուղղելով` արտաբերեց թարգմանչուհին:
-Ընկել եմ, պիտի քաշեմ, - ասաց նախագահը կռանալով:- Սրան ասա, որ մեր գյուղի դերձակ Կոլեն ողջ կյանքում «մետրը» ձեռքը չառավ: Նայում էր և ճիշտ տվյալ մարդու գլխի չափով գլխարկը կարում: Այն էլ ինչ գլխարկներ, ամեն մեկը ոնց որ մի օդանավակայան,- պատասխանեց նախագահը՝ մեջքն ուղղելով:
-Շեֆ, ես քո գլխարկը հիշում եմ, գյուղում ամենամեծերից մեկն էր,- անկյունում դրած բազկաթոռի միջից աշխուժորեն խոսակցությանը խառնվեց վարորդը:
-Բավական է հիմար-հիմար դուրս տաս,- մռայլված, ատամների արանքից ֆշշացրեց նախագահը՝ վերհիշելով իր գլխարկի պատմությունը. տարիներ առաջ, երբ առաջին անգամ քաղաք էր եկել ընդունելության քննություններ հանձնելու, գլխարկի մեծությունը պատճառ դարձավ, որ խուլիգանները նրան դնգստեն: Ամենայն հավանականությամբ, քաղաքի լկտիների երևակայությունը գրգռել էր գլխարկի և նրա հասակի անհամամասնությունը, ինչի պատճառով նրան սունկ էին անվանել, ինչը և ավարտվել էր ծեծով:
-Պարոնն ասում է, որ նման մի դերձակ էլ Ստալինն է ունեցել, որ մեկ հայացք գցելով, առանց հաճախորդի չափսերը վերցնելու, անսխալ հագուստ է կարել: Ասում է նաև, որ ինքն էլ է հայացքով ընկալում մարդկանց չափսերը,- ձեռքերն իրար սեղմած, արհեստականորեն շնչառությունը կարգավորելով` թարգմանեց թարգմանչուհին:
-Այդ դեպքում մետրն ինչո՞ւ ձեռքից բաց չի թողնում,- հեգնախառն հարցրեց նախագահը:
-Իրեն արգելված է առանց գրառումների աշխատել։ Ֆիրման է արգելել:
-Ինչո՞ւ,- հետաքրքրվեց նախագահը:
-Իրենք աշխատում են միայն առաջին դեմքերի հետ, ցանկացած աննշան թերացումը մեծ հարված է ֆիրմայի հեղինակությանը: Պարոնը խնդրում է, որ դուք իրենց կարած վերնաշապիկը հագնեք:
-Ի՞նչ է, ես այս կոստյումի հետ միայն իրենց վերնաշապի՞կը պետք է հագնեմ:
-Կներեք, պարոն նախագահ, բայց իրենց կարածը պետք է հագնեք։ Ասում է` Ձեր պարանոցը շատ կարճ է, հակառակ դեպքում լավ չի դիտվի:
-Սրան ասա, որ ես մեկ կոստյումին այնպիսի գին եմ վճարում, որով իմ երկրում կարելի է մի լավ կահավորված բնակարան գնել:
-Կարո՞ղ եմ Ձեր վերջին միտքը չթարգմանել, պարոն նախագահ,- հուզմունքը կոկորդում խեղդելով, վատ աշակերտի նման հայացքը ներքև հառած՝ կիսաձայն խնդրեց թարգմանչուհին:
-Լավ, ճիշտ ես, մի թարգմանիր, միայն ասա, որ ես ժամը երեքին խորհրդակցություն ունեմ, թող արագացնի:
-Պարոնն ասում է, որ իրենց ֆիրման Ալպերի շվեյցարական բնական արոտավայրերում ոչխարաբուծական ֆերմա ունի: Ոչխարներն ալպյան անարատ ծաղիկներով են սնվում, նրանց բուրդը ձեռքի մկրատով է խուզվում, ձեռքով սանդի վրա են գզում:
-Ի՞նչ է, դժգոհությունս թարգմանեցի՞ր,- կտրուկ հարցրեց նախագահը:
-Ոչ, չեմ թարգմանել, ես էլ չհասկացա` ինչո՞ւ սկսեց պատմել,- արդարացավ թարգմանչուհին:
-Շեֆ, պատկերացնո՞ւմ ես, մեր գյուղում մինչև այսօր հենց իր ասածի պես սարում ոչխար են պահում, ձեռքի մկրատով խուզում են, սանդի վրա էլ գզում: Ասա մեր գյուղացիների տանիքը ոսկուց պետք է լիներ,- իրեն հատուկ աշխուժությամբ միջամտեց վարորդը:
-Ինչի՞ց ենթադրեցիր, որ տանիքները ոսկուց պետք է լինեն,- արհամարհական, իր մտքերի մեջ խորասուզված՝ հարցրեց նախագահը:
-Բա յոթանասուն հազար դոլար ենք տալիս մեկ կոստյումին, երկու վերնաշապիկին, երկու փողկապին և սրանց ճանապարհածախսին: Քիչ եմ ասել, պատերն էլ արծաթե քարերով կշարեին, - ուրախ, սպիտակ ատամնաշարը մերկացնելով` պատասխանեց վարորդը:
Նախագահի մռայլ հայացքը ստիպեց, որ վարորդը ձայնը կտրի և ընկղմվի բազկաթոռի մեջ:
Վերջապես նախագահը նոր կոստյումը հագին կանգնեց հայելու առաջ: Այն անթերի էր:
-Շեֆ, քեզ շատ սազեց, իսկը հագովդ է:
-Շատ ես խոսում, հիմար, արագ հասի էն թարգմանչուհուն:
-Չհասկացա, շեֆ, բերեմ քեզ մո՞տ, դուրդ եկա՞վ:
-Հիմար, այդ աղջկա ներկայությամբ անզգույշ խոսեցինք հագուստիս գնի մասին: Մեր սոված երկրում որ իմանան յոթանասուն հազարի մասին, իրար կխառնվեն ոչխարները: Թող վրաերթից մահանա:
-Շեֆ, եթե կանչեմ, նախազգուշացնեմ, որ ոչ մեկին չպատմի՞: Չէ՞ որ թարգմանիչները ստորագրություն են տալիս, որ թարգմանությունների գաղտնիությունը պահեն:
-Ես դա քեզնից լավ գիտեմ: Նա կոստյումի պատմությունը կպատմի մորը, մայրը՝ քրոջը, քույրը` ամուսնուն, և մեկ ժամից երկիրը կիմանա:
-Հասկացա շեֆ, տուն չի հասնի, կընկնի մեքենայի տակ,- ասաց վարորդը գործնական՝ հանգստի սենյակից դուրս գալով:
Թարգմանչուհին զվարթ տրամադրությամբ դուրս էր եկել փողոց։ Շրջապատում ամեն ինչ ժպտում էր։ Նա տուն էր շտապում, որպեսզի ծնողներին ուրախացնի իր առաջին աշխատանքային օրվա լուրով:

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ